«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած գիտական լսման զեկուցողը մեր թիմին վերջերս միացած բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն էր։ Նրա զեկուցման թեման էր՝ կլինիկական դիետոլոգիա, ապացույցների վրա հիմնված մոտեցումներ։
Վարդանուշ Պետրոսյանը ներկայացրեց հետաքրքիր և բովանդակալից զեկույց ։ Նա նախ խոսեց դիետոլոգիայի մասին և կարևորեց առողջ սնվելու անհրաժեշտությունը՝ որպես հիվանդությունների կանխարգելման և բուժման կարևոր միջոց։ Բանախոսը բացատրեց դիետոլոգի և նուտրիցիոլոգի տարբերությունները, նրանց դերը և գործառույթները։
Զեկույցի ընթացքում ներկայացվեցին բազմաթիվ վիճակագրություններ՝ ցույց տալով, թե ինչպես է սնունդը ազդում առողջության վրա և ինչպես կարելի է սննդի միջոցով նպաստել կոնկրետ հիվանդությունների բուժմանը։ Ըստ բանախոսի՝ սնունդը կապված է բժշկության գրեթե բոլոր ոլորտների հետ՝ սրտանոթային, էնդոկրին և նյութափոխանակության խնդիրներ, վիրաբուժություն, օնկոլոգիա, մկանային և ոսկրային հիվանդություններ, մանկաբուժություն, գաստրոէնտերոլոգիա, նյարդաբանություն և այլն։ «Թող սնունդը լինի ձեր դեղը, իսկ դեղը՝ սնունդը», – ընդգծեց Վարդանուշ Պետրոսյանը՝ ներկայացնելով իր երկարամյա փորձը սննդաբանության զարգացման ոլորտում։
Գործընկերները բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսին՝ կապված տարբեր բաժանմունքների և կոնկրետ հիվանդությունների դեպքում սննդի ընդունման նորմատիվների, հավելումների կիրառման, ինչպես նաև համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման հետ։
Վարդանուշ Պետրոսյանն ու համալսարանական մասնագետները կարևորեցին սննդաբանության զարգացման անհրաժեշտությունը Հայաստանում՝ հատկապես բժշկական հաստատություններում։
.png)